38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Նոր տարին պասուց օր է, ուտիս օր չէ»

«Նոր տարին պասուց օր է, ուտիս օր չէ»
02.01.2013 | 14:16

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության անդամ Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆԻ հետ մեր զրույցը արվածի ու չարվածի մասին է. մաքուր եթեր, արտագաղթ, փոքր ու մեծ հայրենիք, արդարության պակաս, խոզի բուդ, մինչև… տոնածառ:

Զաքարը մասնագիտությամբ բժիշկ է (միկրովիրաբույժ, պլաստիկ վերականգնողական վիրաբույժ):


-«Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է»: Ի՞նչն էր սխալ, ըստ քեզ, 2012-ին:
-Այն, ինչ չհասցրեցինք անել, բայց կարող էինք անել: Ըստ իս, ամեն մարդ գլուխը բարձին դնելիս պետք է մտածի` ինչը մնաց վաղվան, որ կարող էր անել իր ազգի, հայրենիքի և մարդկության համար:
-Եվ, ի՞նչը չարեցինք 2012-ին:
-Շատ բան մնաց: Մենք հայրենիք ունենք ազատագրելու, որից կախված է մեր ազգի և պետության գոյությունը: Պատահական չէ, որ Վուդրո Վիլսոնը, իրավարար վճիռը կայացնելիս, ընտրեց ոչ թե Մեծ Հայաստանը, որն ընգրկում էր մինչև Կիլիկիան (պատճառաբանելով, որ Ցեղասպանության արդյունքում hայերն անգամ տեսականորեն չեն կարող այդտեղ մեծամասնություն կազմել, որպեսզի կառավարեն իրենց երկիրը), այլ Փոքր Հայաստանը, նշելով, որ սա այն նվազագույն տարածքն է, որն անհրաժեշտ է, որպեսզի հայ ազգը գոյություն ունենա և զարգանա: Այսինքն` հողի ազատագրումը ոչ միայն ազգային նպատակ է, այլև գոյություն պահպանելու համամարդկային իրավունք:
Քանի դեռ մեր երկիրը վերջնականապես մերը չէ, անելիքներ կլինեն դեռ:
-Մեր փոքր հայրենիքից գաղթում ենք, ի՞նչ կլինի, երբ ընդարձակվի Հայաստանը:
-Հայերը իրենց պատմության ողջ ընթացքում միշտ էլ տարբեր երկրներ տեղափոխվել են` կամովի կամ ստիպված, և ծաղկեցրել են այդ երկրների ճարտարապետությունը, մշակույթը, այդ երկրներն` ընդհանրապես: Իմ կարծիքով, մեր ազգի առաքելություններից հիմնականը ստեղծագործելն ու կառուցելն է, որը Համամարդկային բանկում, թերևս, մեր անելիքն է: Վատը թերևս ծնելիության ցածր մակարդակն է: Կարծում եմ, հիմա արտագաղթն ավելի շատ արդարության պակասից է: Իսկ արդարության պակասն այսօր համամարդկային խնդիր է:Հայրենիքը վերականգնելով, ինչ-որ չափով արդարությունն էլ կվերականգնվի, դրան կգումարվի նաև սոցիալական և այլ մանր-մունր հարցեր:
-Մարդիկ քիչ են, հուշարձաններն էլ են «գաղթական» դարձել: Ծրագրավորվա՞ծ է հուշարձանների այս «սպանդը»:
-Այդ որոշումը եթե դիտավորություն չէ, ապա անգրագիտություն է: Բայց հիմքեր կան կարծելու, որ դիտավորություն է, որովհետև պատահական հուշարձաններ չեն տեղահանվել:
-2013-ին «մաքուր» հեռուստաեթեր կունեա՞նք, այսքան պայքարի արդյունքում:
-Որոշակի արդյունք տվել է պայքարը: Կան հանձնարարականներ: Բայց դա շատ քիչ է: Մեր նպատակը հանձնախմբեր ստեղծելը չէ, դրանք միջոց են եթերը որակով դարձնելու համար: Պարտավո’ր ենք ունենալ «մաքուր» եթեր: Դա նաև մեր ազգային անվտանգության շահերից է բխում:
-Տոնական եթերի մասին ի՞նչ կասես:
-Տոնական եթերին չեմ հետևել, անկեղծ ասեմ, խեղկատակությունները միշտ շատ են լինում, կցանկանայի ազգային արժեքները գերակա լինեն, ոչ թե ծաղրվեն, ինչպես և շատ հաճախ արվում է:
-Նոր տարվա ատրիբուդներից ի՞նչն ես ավելի կարևորում` խոզի բո՞ւդը, թե՞ տոնածառը:
-Ոչ խոզի բուդը, ոչ էլ տոնածառը: Խոզի բուդն ընդհանրապես հայկական սեղանի ատրիբուտ չէ: Նոր տարին պասուց օր է, ուտիս օր չէ: Ինձ համար կարևորը ներդաշնակությունն է և ընտանիքի բոլոր անդամներով հայրական օջախում հավաքվելը: Առանց դրա, կարծես թե Նոր տարին չի գալիս:
-Այս տարի եկա՞վ Նոր տարին:
-Այս տարին տարբերվում է մի քիչ նրանով, որ տնից երկու հոգի բացակայում են: Մեկը Հայոց բանակում կդիմավորի նոր տարին, մյուսն էլ, հանգամանքների բերումով, արտերկրում:
-Մանագիտությամբ բժիշկ ես: Մի հարց էլ այս ոլորտից: Որքա՞ն պետք է վճարվի բժիշկը, որ «փող տալու» սովորությունը մեզանում վերանա:
-Բարդ հարց ես տալիս: Փող տալու սովորությունը դեռ խորհրդային տարիներին կար: Դա մի տեսակ «մաղարիչի» դրսևորման ձև է: Բայց այսօր, իսկապես, այդ խնդիրը լուրջ է: Եվ ոչ միայն բժշկության ոլորտում: Հուսանք, որ եկող տարիներին մեր երկրի ներքին քաղաքականության հիմնական ուղղվածություններից մեկը կլինի երկրի սոցիալ-տնտեսական պայմանների էականորեն բարելավումը և բարեկեցության մակարդակի ապահովումը:
-Լավատես ես:
-Հայ եմ:
-Ամանորի գիշերը ի՞նչ երազանք ես մտապահել: Հույս ունեմ, հասարակական խնդիրներից մի փոքր շեղվել ես: Թե՞ դասակարգել ես երազանքներդ` անձնական, հասարակական, համամարդկային:
-Այս տարի ուզում եմ ավելի շատ ուշադրություն դարձնել մասնագիտական և անձնական հարցերին: Տատս արդեն ճնշում է ինձ: Անգամ ժողովրդական ասացվածք ասաց երեկ` «Ճրագը իր տակը լույս չի տալիս»:
-Ամանորյա բարեմաղթանք…
-Ուզում եմ ներդաշնակության, նվիրումի տարի լինի: Կիսատ գործերն ավարտենք: Մեր երկիրը ավելի հզոր լինի, ընտանիքները` երջանիկ: Աշխարհում էլ խաղաղություն լինի, որ հայ ազգը կարողանա ստեղծագործել` իր առաքելությունը հավուր պատշաճի իրականացնել:
Հայկական ժամանակներն այլևս սկսված են:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ